Մեր ապրած ամեն օրն ավելի շատ է բացահայտում անցածի հրեշավոր էությունը։ Հրեշավոր՝ ողջ հայ ժողովրդի համար։ Եվ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի կոնֆերանսը համոզիչ ապացույց է, որ մեր ազգը պետական խոր դավաճանության է ենթարկվել։ Գեներալ Հակոբյանի հայտարարությունների մասին նոյեմբերի 19-ին գրեցին գրեթե բոլոր ԶԼՄ-ները։ Ահա ձեզ պետական անգործության ևս մեկ, թվում է՝ ոչ այնքան նշանակալի օրինակ։
Կանադացի հրապարակախոս Մայքլ Միխայլովիչը վերջերս «Թվիթերում» հայտնեց Այսրկովկասում Արցախի դեմ մարտական գործողություններին մասնակցած թուրքական բարձրաստիճան զինվորականների անունները։ Ռազմական որոշ աղբյուրների տվյալներով, Թուրքիայի ԶՈՒ գեներալ Բախտիար Էրսայն «անձամբ է ղեկավարել» կովկասյան թաթարների ԶՈՒ գլխավոր շտաբը։ Ընդ որում նշվել է, որ Անկարան «բացահայտորեն չէր վստահում ադրբեջանական գեներալակազմին՝ նրան կասկածելով Մոսկվայի հետ համագործակցելու մեջ»։ Նման պնդումները լուրջ հաստատումներ չունեցան, իսկ Ռուսաստանի նկատմամբ Բաքվի ռազմական ղեկավարության «համակրանքների» մասին հղումները հիմնականում մտացածին են՝ հաշվի առնելով պաշտպանության ոլորտում Բաքվի և Անկարայի ամենասերտ համագործակցության բազմամյա փորձը։ Բաքվի հանրապետությունը Թուրքիայի միջոցով իր զինված ուժերը կառուցում է՝ հետևելով ՆԱՏՕ-ի չափորոշիչներին։ Բացի դրանից, երկու երկրների քաղաքական ղեկավարության հայտնի սկզբունքը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» ակտիվորեն իրականացվում է հենց ռազմական ասպարեզում, ինչն առանձնահատուկ ակնառությամբ ցուցադրվեց Արցախի դեմ ագրեսիայում։
Մայքլ Միխայլովիչը և ուրիշ ռազմական մեկնաբաններ ակտիվորեն նշում էին նաև թուրք գեներալ Գյոքսել Քահյայի անունը, որը ղեկավարում էր կովկասյան թաթարների ՌՕՈՒ-ն, վերահսկում էր օդային հետախուզությունը և անօդաչուներով հասցվող հարվածները։ Արցախի դեմ պատերազմին նրա մասնակցության մասին ՌԴ և Իրանի ԶԼՄ-ները նշում էին դեռ հակամարտության գոտում մարտական գործողությունների առաջին շաբաթում։ Տարբեր տվյալներով, բացի Թուրքիայի կողմից նախապատրաստված մի քանի հազար սիրիացի զինյալներից, Ադրբեջան է ուղարկվել 600 թուրք զինծառայող։ Նրանք տեղաբաշխվել են Նախիջևանում, որտեղ գտնվում է ԶՈՒ առանձին համազորային բանակը, Գաբալա (Կուտկաշեն) ավիաբազայում, ուր Գյանջայից բերվել են թուրքական F-16 կործանիչները, ինչպես նաև ճակատամերձ գոտու ռազմական այլ օբյեկտներում։
Քիչ ավելի մանրամասն պատմենք այդ Գյոքսել Քահյայի մասին։ Առաջին անգամ նա հայտնի դարձավ Լիբիայում, որտեղ ստեղծեց անօդաչու սարքերի կառավարման կենտրոն, իսկ դրանք խիստ բարդացրին ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի զորքերի խնդիրը։ Գեներալ Քահյան Թուրքիայի ՊՆ կառավարման ծառայության գլխավոր կառավարիչն է։ 2019 թ. ամռանը Խաֆթարի զորքերը գերեցին թուրքական բարձրաստիճան զինվորականների մի խումբ, և նրանց ձեռքի տակ հայտնվեցին Թուրքիայի ՊՆ այն ողջ թիմի անձնագրային տվյալները, որը ժամանել էր Լիբիայի ամերիկամետ Ազգային համաձայնության կառավարության (ԱՄԿ) զորքերի աշխատանքը կազմակերպելու համար։ Գերված սպաներից մեկը Քահյան էր։ Նույն թվականի օգոստոսին նա արդեն Բաքվում էր և հավանաբար մասնակցում էր համատեղ զորավարժանքներին։ Օգոստոսի 13-ին Ալիևն ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել են Թուրքիայի ռազմական պատվիրակության հետ։ Նշված համատեղ զորավարժանքները մոտենում էին ավարտին, և Ալիևն ընդունեց Անկարայի բարձրաստիճան զինվորականներին, ներառյալ պաշտպանության նախարար Խուլուսի Ակարը։ Բաքվի ՊՆ մամուլի ծառայությունը թվարկել է բոլորին, բացի Գյոքսել Քահյայից։ Դա, համեմատելով բանակցությունների մասին հաղորդագրության տեքստը և լուսանկարը, նկատել էին անգամ «Nagorno Karabakh Observer»-ում («NKO»)։ 1,5 ամիս հետո սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Իսկ ամեն տեսակի «հրաչյաարզումանյաններ» ու «դավիթստեփանյաններ» (Ստեփանակերտում ու Երևանում) շարունակում են Հայաստանի քաղաքացիներին ստել այն մասին, թե իբր «ամեն ինչ գաղտնի էր», բայց ամեն ինչի մասին «Ռուսաստանը գիտեր»։ Այդ հարցին կվերադառնանք քիչ ներքևում։ Մի՞թե Հայաստանի և Արցախի հետախուզական մարմինները չգիտեին այն, ինչը հաշվարկել էին «NKO»-ի աշխատակիցները։ Այդ դեպքում մեր ինչի՞ն են պետք այդպիսի հետախուզական կառույցները, ինչու՞ են Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացիները պահում այդ ձրիակերներին։ Լրագրողները հետքը գտել են, իսկ Հայաստանի ԱԱԾ-ն՝ ոչ։ Հիանալի է, ճի՞շտ է։ Ինչքա՜ն լավ ենք մենք պաշտպանված «հպարտ թավշյա հեղափոխության ժամանակ»։ Ինչքա՜ն հարյուրտոկոսանոց է մեր անվտանգության երաշխիքը Փաշինյանի օրոք։
Արցախի համար պատերազմում ծանր պարտությունից և նողկալի դավաճանությունից հետո հաջորդ օրը առանձին «առաջադեմ հայեր» սկսեցին պահին պատշաճ առասպելներ հորինել հայերի ամերիկամետ լինելու ոգով։ Պարզվում է, որ Հայաստանի (ավելի ճիշտ, ՌԴ-ի հետ որևէ միջպետական պայմանագիր չունեցող, չճանաչված Արցախի Հանրապետության) պարտության մեղավորը... Ռուսաստանն է։ Արցախի արտգործնախարարի խորհրդականի պաշտոնից հրաժարական տված Հրաչյա Արզումանյանը «Ֆեյսբուքում» ՀՀ վարչապետ Փաշինյանին և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրել է գիտակցված ազգային դավաճանության մեջ, հընթացս նաև հերթական քարը նետել Ռուսաստանի կողմը։ «Տեղի ունեցածը Աթաթուրքի Թուրքիայի և Լենինի Ռուսաստանի համաձայնության կրկնությունն է։ Այն ժամանակ մենք կորցրինք Արևմտյան Հայաստանը, այս օրերին, Պուտինի և Էրդողանի համաձայնության հետևանքով, Արցախը»,- գրել է նա։
Հրաչյա Արզումանյան, մի՞թե մենք 1920-21 թթ. տիրում էինք Արևմտյան Հայաստանին։ Իրական, ոչ թե հորինված հայերը 1920 թ. չկարողացան թուրքերից հետ նվաճել Անտանտի կողմից Հայաստանին «ընծայված» Արևմտյան Հայաստանը կարճատև պատերազմում, որն ավարտվեց Հայաստանի համար ծանրագույն Ալեքսանդրապոլի պայմանագրով։ Այսինքն Արզումանյանը պնդում է, որ հայերը Լենինի «շնորհիվ» կորցրին այն, ինչն իրենց չէր պատկանում, բայց չէր պատկանում նաև Խորհրդային Ռուսաստանին։ Հասկանալի է. հրեա բոլշևիկները մասնակցել են դրան, բայց նախկին խորհրդականի համար նվաստացուցիչ է զուգահեռներ անցկացնելը 1920 և 2020 թվականների միջև։ Ալեքսանդրապոլի պայմանագրում կետ կար Հայաստանի երկաթուղիների և հաղորդակցության այլ ուղիների վրա Թուրքիայի վերահսկողության մասին, ակնհայտորեն բոլշևիկյան կեղծ Ադրբեջանի հետ Թուրքիայի կապի համար։ 2020 թ. նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության իններորդ կետը սահմանում է Հայաստանի պարտավորությունը՝ ապահովելու տրանսպորտային հաղորդակցությունը կովկասյան թուրքերի և Նախիջևանի, պետք է հասկանալ` նաև Թուրքիայի, միջև ապագայում կառուցվող հաղորդակցության ուղիներով։ 1920 թ. Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը ճանաչում էր Թուրքիայի խնամակալությունը Նախիջևանի նկատմամբ։ Հայաստանը զրկվեց նաև Կարսի մարզից, որը 1878 թ. Թուրքիայից ազատագրվել էր Ռուսաստանի ցար Ալեքսանդր 2-րդի կողմից, և Սուրմալու գավառից (Արարատ լեռան հետ), որն Իրանից ազատագրվել էր Նիկոլայ 1-ին ցարի կողմից 1828 թ.։ Քեմալական (բայց առաջվա պես երիտթուրքական) Թուրքիային օգնելու հարցով Լենինին, Տրոցկուն, Ստալինին ներկայացվող պահանջները հասկանալի են։ Բայց մնացածը Հրաչյա Արզումանյանի և նրա նման «վերլուծաբանների» հորինածն է։ Մի՞թե Հայաստանը 2020 թ. տիրում էր Արցախին։ Իրավաբանորեն՝ ոչ, իսկ այնպես՝ «ոչ այնքան»։ Պաշտոնական Հայաստանը, ինչպես և պաշտոնական Բաքուն, Արցախը դիտարկում էր որպես «արտասահմանցի» հայերով բնակեցված ծայրամաս, որն իրեն հռչակել էր ևս մեկ հայկական «պետություն»։ Հայաստանի կողմից Արցախին տիրելը, նորամույծ լեզվով, կրել է «հիբրիդային բնույթ», և համապատասխանաբար 2020 թ. աշնանային պատերազմը Հայաստանի կողմից ի սկզբանե ընդունել էր հիբրիդային բնույթ։ Դրանից էլ՝ այդ պատերազմի ի սկզբանե անվստահ բնույթը և ստացված արդյունքը։ Հայաստանն Արցախի համար կռվում էր «հիբրիդավարի», իսկ կովկասյան թաթարներն ու թուրքերը՝ ինչպես հարկն է։ Բացի այդ, երկիրը պատերազմում էր, իսկ հարյուրավորները, եթե ոչ հազարավորները, այդպես էլ չեն զորակոչվել զինկոմիսարիատների կողմից։ Դեպքեր են եղել, երբ կամավորները հասել են Արցախ, բայց նրանց... տուն են ուղարկել։ Արզումանյան, կասե՞ք, որ այդպիսի բան չի եղել։ Շարունակելու եք ստե՞լ, թե՞ լռել, ինչպես լռել եք պատերազմի ժամանակ։
Հայաստանը պաշտոնապես չի տիրել Արցախին և չի հռչակել նրա միակցումը պատերազմ սկսելու հաջորդ օրը։ Նման ակտը կցուցադրեր առաջիկա պայքարի վճռական բնույթը։ Իսկ իրականում ամեն ինչ եղավ ծուլորեն, ծուռումուռ ու անվստահ։ Հայ ժողովուրդն իրեն ամբողջությամբ չտվեց այդ պատերազմին. դրանից էլ եղավ պարտությունը։ Թեկուզ նրանով, որ Հայաստանի զինված ուժերը պաշտոնապես ու լիարժեքորեն չմտան այդ պատերազմի մեջ, թեկուզ այն բանով, որ դավաճանություն եղավ ամենաբարձր մակարդակով։ Փաշինյանը պաշտոնապես չդիմեց Ռուսաստանին ՀԱՊԿ-ի գծով, իսկ հայ զինվորականներն Արցախի համար իրենց հիբրիդային պատերազմին Ռուսաստանի հիբրիդային մասնակցության տարբերակներ էին հորինում։ Փաշինյանը խոստացել էր պատերազմել «մինչև արյան վերջին կաթիլը»։ Իսկ իրականում Հայաստանի հիմնական զորական ուժերը և պահեստազորն այդպես էլ կռվի մեջ չմտան։ Զորահավաք չեղավ։ Ռազմական դրությունը շինծու դուրս եկավ։ Այդ դեպքում Արզումանյանն ի՞նչ պահանջներ կարող է ներկայացնել Ռուսաստանին, Պուտինին, Էրդողանին և այլոց, բայց միայն ոչ իրեն։ Իսկ ինքը պետական ծառայող էր, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդականը։ Արցախն ինքնին բնական ամրոց էր, և նրա ներսի քաղաքներն ու գյուղերը կարող էին դառնալ ձեռակերտ ամրոցներ։ Ինչու՞ Շուշին իր տներով ու բնակարաններով, որոնք լի էին քաղաքից փախած հայերի ունեցվածքով, գրեթե ամբողջովին բաժին է հասել թուրքերին։ Չէ՞ որ բնակավայրերում հենց միայն մերձամարտերը կվերացնեին օդում հակառակորդի գերիշխումը, իսկ մարտերի ընթացքում նրա կողմից տների ոչնչացումը արտասահմանյան ԶԼՄ-ներին ցույց կտար հումանիտար աղետի ակնառու պատկերը։ ՈՒ դրանով Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, հենց Հրաչյա Արզումանյանին էլ ուղղված հարցերը չեն վերջանում։
2020 թ. նոյեմբերի 12-ին «Արմինֆոն» հրապարակել է ոմն Դավիթ Ստեփանյանի «Ռուսաստանի ռազմավարական պատանդները» հոդվածը։ Ըստ Ստեփանյանի, «ռազմավարական պատանդ» է ոչ թե Արցախից մնացած տարածքների հայերին պաշտպանելու համար Արցախ մտած ռուսական զորակալզմը, այլ Հայաստանի և Արցախի հայերը։ Կատարվածը Ստեփանյանն անվանում է Ռուսաստանի և Թուրքիայի «հիբրիդային պատերազմ»։ ՈՒ՞մ դեմ։
Պարզ է, որ, նրա ըմբռնումով, Հայաստանի և Արցախի։ Բայց մի՞թե հենց Հայաստանի կողմից չճանաչված (նույնիսկ արդեն ընթացող պատերազմի ժամանակ) ԼՂՀ-Արցախի Հանրապետության փոխարեն 2020 թ. նոյեմբերի 9-ին Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը չի վկայում հենց Երևանի կողմից անցած պատերազմի «հիբրիդային» բնույթի մասին։ Ստեփանյանը նախ պետք է պարզեր, թե իրականում որտեղ է եղել «հիբրիդային պատերազմը»։ Իր հոդվածում Ստեփանյանը ստում է, թե ռազմական գործողությունների սկիզբը, ինչպես նաև նրանց նախորդող՝ Արցախի դեմ «թուրքերի» ուժերի կենտրոնացումը իբր գաղտնիք են եղել Հայաստանի ղեկավարության և անձամբ Փաշինյանի համար, բայց իբր լավ հայտնի են եղել Մոսկվայում։ Մի՞թե կարող էր գաղտնիք լինել այն, ինչի մասին Ալիևը բացեիբաց խոսել է ՄԱԿ-ում 2020 թ. սեպտեմբերին։ Ռազմական լարման և առճակատման վտանգի աճի մասին ամռան վերջին հայտնի էր բոլորին, և հենց Երևանում։ Ինչպե՞ս կարող էր Երևանի համար գաղտնիք լինել այն, ինչը հաշվարկել էին «Nagorno Karabakh Observer»-ի աշխատակիցները։ Ստեփանյանը ստում է, երբ պնդում է, թե «արյունահեղությունը դադարեցնելու համար հարկավոր կլիներ մեկ զանգ. «տարբերություն չկա՝ Բաքու կամ Անկարա»։ Բայց խնդիրն այն է, որ 1991-ից հետո Մոսկվայից «մի զանգով» գործերն Անդրկովկասում չեն լուծվում։ Օրինակ, 2008 թ. չհաջողվեց «մի զանգով» կամ նույնիսկ մի քանի զանգով կանգնեցնել Սաակաշվիլուն։ Իսկ Պուտինի զանգով խորհուրդները (ցուցումները) կատարու՞մ էր Փաշինյանը։ Ոչ, որովհետև նա հրապարակավ խոսում էր «Մոսկվայում կոշիկներ լիզելու» դեմ։ Եվ եթե Պուտինը զանգով չէր ղեկավարում Փաշինյանին, ապա ի՞նչ կարիք կա ստելու, թե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը «Պուտինի զանգով պարտավոր էր» հեռանալու տարածաշրջանից։ Իսկ գուցե Էրդողանի՞ն էր զանգ պետք ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից։ Ինչպես հիմա է հայտնի դարձել, սկզբում Փաշինյանը հրաժարվում էր Ռուսաստանի օգնությունից ու զանգում էր իր ամերիկացի ու եվրոպացի «գործընկերներին»։ Գուցե Ստեփանյանը, Արզումանյանը, նրանց նման մյուս արևմտամետ «գործիչները պատմեն աշխարհին, թե Արցախին ինչով «օգնեցին» ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրամիությունը։ Եվ, ի դեպ, ՆԱՏՕ-ից կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առանձին մայրաքաղաքներից ոչ ոք այդպես էլ չզանգեց Էրդողանին, ոչ ոք չսպառնաց թուրքերին, այ Ստեփանյան։ Ամոթ չէ՞ ստելը նույնիսկ այժմ։
«Արզումանյանների» և «ստեփանյանների», բոլոր նրանց նմանների սուտը նույնպես ազգային դավաճանություն է։ Ես Ռուսաստանին մեղադրելու կամ արդարացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Իրանին էլ։ Բայց մենք ուրիշներին չենք կարող մեղադրել այն բանի համար, որ Հայաստանը կառավարել և կառավարում է ազգի դավաճանը, որին մեզ է «տրամադրում» նրա սիրելի Արևմուտքը։ Դրա համար է «ակտիվացել» մեկուկես ամիս լռած նախագահ Արմեն Սարգսյանը, որը նույնպես սկսել է պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Իզուր չեն լուրեր շրջում, թե Արմեն Սարգսյանի տերերը հայ ժողովրդի գլխին դեռ շատ վիշտ ու նոր «արկածներ» են պատրաստում։ Հայաստանի քաղաքացիները «փորձանք բերեցին» իրենց «հեղափոխությամբ»։ Արցախը Հայաստանի անվտանգության մի բաղադրիչն էր։ Իսկ այժմ Հայաստանը ոչ միայն խոցելի է առանց Արցախի։ Հայաստանն այսօր գրեթե անկենսունակ տարածք է, որի բնակչության մի մասի ողնաշարը կոտրված է։ Կոտրված է հենց դավաճանների, ոչ թե թուրքերի ծեռքով։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ